Մոտ մեկ ժամ առաջ պարզ դարձավ, որ Հայաստանյան երեք կուսակցություններ՝ «Հայաստանի հանրապետական կուսակցությունը», «Ժառանգությունը» և «Օրինաց երկիրը» դարձել են «Եվրոպական ժողովրդական կուսակցության» (ԵԺԿ) դիտորդ-անդամ։
ԵԺԿ-ին անդամակցության համար դիմած մյուս հայաստանյան կուսակցության՝ «Բարգավաճ Հայաստանի» դիմումը չի ընդունվել։
Հայաստանյան երեք կուսակցությունների ներկայացուցիչները ստորագրել են համատեղ հռչակագիր, որում հաստատել են իրենց պատրաստակամությունը հավատարիմ մնալու եվրոպական ժողովրդավարական արժեքներին` Հայաստանի քաղաքական, տնտեսական և իրավական համակարգերի բարեփոխման և զարգացման ընթացքում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Մարսելում տեղի է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսի առաջին լիագումար նիստը` կազմակերպության ղեկավար Ուիլֆրիդ Մարթենսի գլխավորությամբ, որին մասնակցել է նաև ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը` որպես կոնգրեսի հատուկ հյուր:
Ելույթ ունենալով կոնգրեսի ամբիոնից` Մարթենսը Ս. Սարգսյանին հրավիրել է մասնակցել այսօր` դեկտեմբերի 8-ին կայանալիք Եվրոպական երկրների ու կառավարությունների ղեկավարների գագաթաժողովին:
«Այսօրվանից Դուք Ձեզ կարող եք համարել Եվրոպական ժողովրդական կուսակցության մեծ ընտանիքի անդամ»,- հայտարարել է Վ. Մարթենսը` դիմելով Ս. Սարգսյանին և հանդիսավոր կերպով նրան փոխանցել գագաթաժողովին մասնակցելու հրավերը և ԵԺԿ անդամի կրծքանշանը:
ԵԺԿ-ն համաեվրոպական խոշորագույն կուսակցությունն է, որի մաս են կազմում եվրոպական 39 երկրների 72 կուսակցություններ։
Tert.am
Bookmarks